Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է «Թավշյա էսքիզներ» նախագիծը։ Այն ձեզ կտեղափոխի 2018թ-ի գարուն, տեսնելու, լսելու, խոսելու և գործելու Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների հետ միասին, որոնք դուրս էին եկել փողոց` փոխելու իրենց կյանքը։
Ինչու՞ և ինչպե՞ս պատահեց դա։
Մեր պատմությունը ստեղծարար ուժի և համարձակ քայլերի, անպարտ հոգու և բարի էներգիայի, ուրախության և հնարամտության, սիրո ու միասնության, անզուսպ երևակայության ու ներքին ազատության մասին է:
Մարդիկ հեղափոխության մեջ հյուսում էին սեփական պատմությունն ու դառնում այդ պատմության հերոսը։ Նրանց պատմությունները երբեմն հուզիչ էին, երբեմն՝ ծիծաղելի, մերթ իրական էին, մերթ՝ խաղարկային։ Մարդիկ որոշում էին` ինչպե՞ս և ե՞րբ պատմել իրենց պատմությունը։
Նրանք պատմում էին լուսանկարներով ու ֆեյսբուքյան լայվերով, մեծ պաստառներ էին ձևավորում կամ թղթի կտորի վրա կարգախոսներ խզբզում: Բողոքն ու ցանկությունն արտահայտում էին կոմիտասյան հնչյուններով ու թմբուկի վայրի զարկով, տեղում ծնված խոսքերով, երգերով, պարերով, խաղերով և իհարկե գործով։ Եվ նայելով իրար` ոգևորվում էին ու հզորանում, սեփական ուժերի մեջ էին համոզվում, մրցում էին իրար հետ հնարամտությամբ:
Օգտագործելով ավանդական և նորարար, պրոֆեսիոնալ և սիրողական հաղորդակցման գործիքներն ու մեթոդները` մարդիկ դարձան մեդիա:
Տես, թե ինչպես...
Բողոքի երթերն առաջին իսկ փուլում բախվեցին ոստիկանության ագրեսիվ գործողություններին։ Ապրիլի 16-ին, ոստիկանությունը փշալարերով փակեց Երևանի Բաղրամյան պողոտան։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները գործադրեցին ռետինե մահակներ, խլացնող և ձայնային նռնակներ, որոնց պատճառով վիրավորվեց 54 մարդ, երկուսը՝ ոստիկան։ Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց։
Լրագրողների մշտական ներկայությունը ոստիկանների համար զսպող գործոն էր՝ բռնություն կիրառելիս։ Թեժ կետերում հայտնվելու համար լրագրողները պետք է ոչ միայն խիզախություն ունենային, այլ նաև՝ ֆիզիկական կարողություն։ Շատ կարևոր էր արագ արձագանքը, քանի որ ցույցերն ապակենտրոն էին, երթևեկությունը՝ փակ։
Ձերբակալությունների ժամանակ մարդիկ սատարում էին միմյանց։ Բերման ենթարկվողներն իրենց անունը հայտնում էին բարձրաձայն, մյուսներն այս տեղեկությունը փոխանցում էին իրավապաշտպաններին։ Ձերբակալվածների ցուցակը շրջանառվում էր Ֆեյսբուքում։ Իսկ իրավաբան-կամավորներն ու ակտիվիստներն անմիջապես զբաղվում էին նրանց գործերով։ Շատերն արագ ազատ էին արձակվում։
Նարեկ Ալեքսանյանը այն ֆոտոլրագրողներից է, որոնք փողոցում աշխատում էին 24/7 ռեժիմով։ Հեշտ չէր հասցնել լինել ամենուր։ Իրադարձությունները տեղի էին ունենում մշտապես և միաժամանակ։
Բջջային հեռախոսը ամենակարևոր գործիքն էր շարժման օրերին՝ իրադարձություններն արձանագրելու, տեղեկությունները կիսելու, սեփական ներկայությունը տոնելու համար։ Եվ, իհարկե, սելֆի անելու։ Ի՞նչ հեղափոխություն՝ առանց սելֆիի...
Որոշ հետաքրքիր ու զվարճալի միջադեպեր դարձան մեմեր։ Աշոտի պատմությունը դրանցից մեկն է։ Բազմության միջից մի մարդ դիմում է ոստիկաններից մեկին` իր հարևան Աշոտին. «Աշո՜տ, ա՛յ Աշոտ, տատդ էլ ա ստեղ: Եկել ես` տատուդ խփե՞ս:» Ավելի ուշ պարզվեց, որ սա ընդամենը իմպրովիզացիա էր ։ Աշոտն ու իր տատը հայտնվեցին պաստառներին և անեկդոտներում։ Դա կոչ էր ոստիկանությանը՝ միանալ ժողովրդին, հիշեցում, որ նրանք ժողովրդի մի մասն են, ոչ թե թշնամին։
Ցուցարարների համար կենսական կարևորություն ունեին ուղիղ հեռարձակումները։ Ուշ գիշեր էր, ցուցարարներից մեկը որոշել էր օգտագործել Ազատության ուղիղ հեռարձակումը և հաղորդագրություն ուղարկել կնոջը, որ նա չանհանգստանա։
Այդ մասին իմացավ ողջ հանրապետությունը։ «Տուն գնալ չկա, Իռա՛» տողերով պաստառներն ու երգերը օրեր շարունակ զվարճացրին մարդկանց։
Մարդիկ զվարճանում էին նաև համացանցում։ Սա Mortal Combat հայտնի խաղի վերստեղծված տարբերակն է, որում Նիկոլ Փաշինյանը մենամարտում է Սերժ Սարգսյանի, ապա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Մեկ այլ տեսանյութում շարժման առաջնորդը Սուպեր Մարիոն է, որը ոչնչացնում է հանրապետական կուսակցությունը։
Հատկապես սիրված էր մտացածին մարտաֆիլմի անոնսը, գլխավոր դերերում էլ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն էին։
Մի կողմում փշալարեր են, սաղավարտներ, ջրցան մեքենաներ, ոստիկաններ, զենքեր... մյուսում ՝ բաց ձեռքեր, թմբուկ, հուհ-հուհ։
Շարժումը գլխավորապես հաջողեց ուսանողների շնորհիվ։ Նրանք բոյկոտեցին դասերը և դուրս եկան փողոց։ Ուսանողները միասնական էին, նախաձեռնող: Այստեղ նրանք պահանջում են Մշակույթի նախարարի հրաժարականը և աշխատակիցներին կոչ անում միանալ իրենց։
Սա Սերժ Սարգսյանի օգտին քվեարկության նախընթաց օրն է։ Ոստիկանները փշալարերով շրջապատել են նախագահի նստավայրը։ Մարդկանց աչքերում վախ ու սպասում կա։ Մոտ կես ժամից գործի կանցնեն հատուկ ջոկատայինները։ Տասնյակ մարդիկ կվիրավորվեն։ Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները որոշում կկայացնեն ապակենտրոնացնել բողոքի գործողությունները՝ դժվարություն ստեղծելով ոստիկանների համար։ Սերը չհաղթեց այդ օրը, բայց շուտով կհաղթի...
Դժվար է ասել, թե ինչպես, բայց իրավիճակը փոխվեց։ Մարդկանց տևական հիասթափությանը, սեփական ուժերի նկատմամբ անվստահությանը և երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու անկարողության գիտակցությանը փոխարինելու եկան նախաձեռնողականությունն ու լավատեսությունը։
Նույնիսկ պատահական անցորդներն արագ ներգրավվում էին շարժման մեջ։ Գնումներ կատարելու նպատակով դուրս եկած մարդիկ հանկարծ միանում էին ակտիվիստներին և դառնում փողոց փակողներ, ուղիղ հեռարձակողներ, ոստիկանների գործողություններն արձանագրողներ։
Երիտասարդ աղջիկների ու կանանց վառ ներկայությունը, նրանց ակտիվ մասնակցությունն անսպասելի էր. մարդիկ սովոր էին նրանց տեսնել ավանդական համեստ կերպարում:
Այս մեքենայի տերը հատուկ է ծակել անիվը։ Երթևեկությունը խաթարելու համար մարդիկ երբեմն դիմում էին այսպիսի խորամանկության՝ ոստիկանների պատժից խուսափելու համար։
Շատ պաստառներ ձևավորվել ու տպվել էին սովորական մարդկանց նախաձեռնությամբ։ Կային ինչպես ոճավորված, բարձրորակ տպագրությամբ, այնպես էլ պարզ, ինքնահնար, սև-սպիտակ պաստառներ։
Շատ տպագրատներ անվճար ծառայություն էին առաջարկում՝ հեղափոխական պաստառներ ու թռուցիկներ տպելու համար։ Առհասարակ, ամեն կերպ գործին նպաստելու և ներգրավված լինելու զգացումը համակել էր բոլորին։
Պաստառներն ասում էին.
Մերժի՛ր Սերժին, մերժի՛ր Սաշիկին, մերժի՛ր ՀՀԿ-ին...
Մարտունին ձեզ հետ է, Վարդենիսը ձեզ հետ է, Փոքր Վեդին ձեզ հետ է...
Ոստիկան, միացի՛ր
Անսերժ Հայաստան
Մե՛նք ենք տերը մեր երկրի
Տեսա՞ր ինչ եղավ
Մատ էլար, ազիզ
«Իմ քայլը» երգը՝ Նիկոլ Փաշինյանի բառերով, Հայկ Ստվերի երաժշտությամբ ու կատարմամբ, պետք է դառնար հեղափոխության հիմնը։ Եվ դարձավ։ Բայց չեղավ միակը։
Շարժմանը համընթաց, մեկը մյուսի ետևից նոր երգեր ծնվեցին՝ երաժշտական տարբեր ճաշակ ունեցողների համար։ Ամենքի համար տեղ կար այդ օրերին, յուրաքանչյուրն իր գույնն ու երանգն էր հաղորդում շարժմանը։
«Ոստիկան, միացի՛ր, ոստիկանը մերն է»:Այս կոչերը հնչում էին դեռ առաջին օրերից։ Նիկոլ Փաշինյանն այս կոչերով փորձում էր կանխել հասարակության ներսում ատելության հրահրումը։
Անարյուն, խաղաղ պայքարը համաժողովրդական որոշում էր։ Եվ այդ որոշմանը մարդիկ տեր կանգնեցին մինչև վերջ։
Դպրոցականները զանգվածային դասադուլ էին անում։ Ծնողներն իրենց փոքրիկներին տանում էին միտինգի։ Դա արտառոց պահվածք էր հայերի համար, որոնք խիստ հոգատար են երեխաների նկատմամբ։ Սա խոսում էր խաղաղասիրական մտադրությունների մասին։
Ի՞նչպես էին կաթվածահար անում երթևեկությունը. փողոցային նստարաններով, սեփական մեքենաներով, աղբարկղերով, ի վերջո՝ սեփական մարմնով։ Այս փորձառությունը մարդիկ ձեռք էին բերել դեռ 2015թ-ին, Էլեկտրիկ Երևանի բողոքի ցույցերի ժամանակ, երբ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան փակել էին երկու շաբաթ շարունակ։
Երիտասարդ մայրիկները կենդանի վահան էին կազմել երեխաների հետ միասին։ Նրանք պայքարում էին հանուն երեխաների ապագայի, հանուն լավ երկրի, հանուն պատմության նոր ընթացքի։ Նրանց համար խորթ էին խորհրդային բարքերը, և նրանք մերժում էին անցյալից կառչած կառավարիչներին:
Տեսանյութում Սերժ Սարգսյանի «թաղման» բեմադրությունն է։ Գաղափարն, հավանաբար, վերցրել են Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունից, թե՝ «Սերժ Սարգսյանն այլևս քաղաքական դիակ է»։ Դագաղում Սերժ Սարգսյանին խորհրդանշող Չեբուրաշկան է։ Ներկայացումները, հումորային պաստառները, կարգախոսներն ու բանաստեղծությունները ուրախ էին դարձնում մասնակցությունը Թավշյա հեղափոխությանը։
Ստեղծարարությունը, արտահայտվելու անսահման ազատությունը, ճկունությունը պայմաններ էին, որոնք միավորեցին մարդկանց և դուրս բերեցին փողոց։ Եվ անվերջ ժպտացող դեմքեր. հազվադեպ տեսարան էր:
Մինչև թավշյա հեղափոխությունը, հայերի վերաբերմունքը ազգային դրոշի նկատմամբ առանձնահատուկ չէր։ Հազվադեպ կարող էիք դրոշը տեսնել մեքենաների վրա կամ պատուհաններին, ինչպես սովորաբար, լինում է, ասենք, ԱՄՆ-ում կամ այլուր: Հանկարծակի ամեն ինչ փոխվեց...
Դեմքեր, որոնք ստեղծեցին Հայկական Թավշյայի իրական դեմքը։
Նախագիծն իրականացրել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`
OPEN Media Hub-ի աջակցությամբ` Եվրամիության կողմից տրամադրված միջոցներով, ինչպես նաև՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով՝
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ Նախագծի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: